«ՊՍԺ»-ն մտադիր է վարձակալել Չավիին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հնարավոր է գալիք մրցաշրջանում վարձակալությամբ հանդես գա «ՊՍԺ»-ում:
Նախորդ շաբաթվա ընթացքում 35-ամյա իսպանացին հայտարարեց կատալոնական ակումբից հեռանալու եւ Քաթարի «Ալ-Սադ» տեղափոխվելու մասին:
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է որոշ ժամանակով «Ալ-Սադից» վարձակալել Չավիին, օրինակ, ինչպես «Մանչեսթեր Սիթին» է «Նյու Յորք Սիթիից» վարձակալել Ֆրենկ Լեմպարդին:
Այսպիսով, «ՊՍԺ»-ն, ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին հետեւելու դեպքում կստանա խաղացողին, ում տրանսֆերի համար անհրաժեշտ չի լինի վճարել, իսկ աշխատավարձի մի մասը իր վրա կվերցնի «Ալ-Սադը»:
Քաթարյան ակումբի նախագահը «ՊՍԺ»-ի փաստացի սեփականտիրոջ՝ Էմիր Քաթար Տամիմ բին Համադ Ալ Տանիի հարազատ եղբայրն է, եւ այդ հանգամանքը կհեշտացնի բանակցային գործընթացը:
|