Օրհներգ
Ակումբում արդեն լիիրավ հաստատված ավանդույթ է, որ, ընդհուպ մինչև Կամպ Նոույի կառուցումը, ակումբի` "Էլ կանտ դել Բարսա" անունը կրող օրհներգը մինչև խաղը սկսելը բարձրախոսների օգնությամբ հնչում է մարզադաշտում և բոլոր երկրպագուներն այն միաձայն երգում են:
Առաջին անգամ այն հանրությանը ներկայացվեց 1974 թվականի նոյեմբերի 27-ին` մինչ 75-ամյա տարեդարձի տոնակատարությունների ավարտը խորհրդանշող խաղի սկսվելը: 3600 հոգանոց երգչախումբը, որի ղեկավարն էր Օրիոլ Մարտորելը, հավաքվել էր մարզադաշտում օրհներգն առաջին անգամ հանրությանը ներկայացնելու համար: Խոսքերի հեղինակն էր Ժոզեֆ Մարիա Էսպինան և Ժաումե Պիկասը, իսկ երաժշտության հեղինակը Մանուել Վալլսն էր: Շուտով երգը մեծ ճանաչում գտավ: Երկրպագուներին դուր էր գալիս այն, որ նրանք կարող են ծափահարել երգի ռիթմիկ պահերի ժամանակ, և այն, որ բառերը կատարելապես արտացոլում էին այն, ինչ նրանք կցանկանային ասել Բարսելոնային սատարելու համար, հատկապես ոգին, որ հյուրերին ներգրավում էր կատալոնյան հասարակության մեջ, ոգի, որն արտացոլվում էր ակումբի անդամակցության ողջ ճանապարհի ընթացքում:
Այդուհանդերձ, սա միակ հիմնը չէ, որ ակումբն ունեցել է այս տարիների ընթացքում: Առաջին օրհներգը ստեղծվել էր 1923 թվականի փետրվարի 18-ին` Ռաֆայել Ֆոլչ Կապդեվիլայի գրած խոսքերով և Էնրիկ Մորերայի գրած երաժշտությամբ: Դա ներկայացվեց Օրֆեո Գրացիենց երգչախմբի կողմից հին Լես Կորտս մարզադաշտում` ի պատիվ կատալոնյան ֆուտբոլի և Ջոն Գամպերի: Այդ ժամանակների վերամբարձ տրամադրության պահպանման համար երգի բառերն արտահայտում էին "սպորտի և կատալոնյան ազգի" միջև առկա կապը:
Ավելի ուշ, 50-րդ տարեդարձի կապակցությամբ, Էստեվ Կալզադան նոր օրհներգի համար բառեր գրեց, որոնք հետո համադրվեցին Խուան Դոտրասի գրած երաժշտության հետ: Օրներգը կոչվում էր "Բարսելոնա, սեմպրե ամունթ" (Բարսելոնայի հետ միշտ վեր), և, անտեսելով այդ ժամանակվա քաղաքական իրադրությունը, այն գրվեց կատալոներեն:
1957 թվականին Ժոզեֆ Բադիան նույնպես օգտագործեց կատալոներենը երրորդ օրհներգի բառերը գրելու համար: "Հիմն լ’Էստադի"-ն (Օրհներգ մարզադաշտի համար) հնչեց Կամպ Նոուի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Առաջին անգամ էր, որ "Բարսա" բառը հնչում էր ակումբի օրհներգի մեջ, որի երաժշտության հեղինակը Ադոլֆ Կաբանեն էր:
"Էլ կանտ դել Բարսա"-ն այնքան հաջողակ էր, որ ակումբի նախկին օրհներգերը շուտ մոռացվեցին, նույնիսկ "Հիմն լ’Էստադի"-ն, որը 1974 թվականին ակումբի պաշտոնական մեղեդին էր: "Էլ կանտ դել Բարսա"-ն այնպես է մտել ակումբի պատմության մեջ, որ այժմ` 30 և ավել տարի անց, ոչ մեկի մտքով նույնիսկ չի էլ անցնում, որ նոր օրհներգ գրելու անհրաժեշտություն կա: Օրհներգը գրվել է ակումբի հարյուրամյակի կապակցությամբ "Կանտ դել Սենթենարի" անվամբ և առաջին անգամ ներկայացվել է 1998 թվականի սեպտեմբերի 22-ին: Բառերի հեղինակն է Ռամոն Սոլսոնան, երաժշտության հեղիւնակն է Ռոս Մարբան, բայց սկզբից էլ պարզ է, որ այն պետք է օգտագործվի այդ տոնակատարությունների համատեքստում: