Էնրիկե. Մեր նպատակը մեկն է` հաղթանակ (18/03/2015)
Ճիշտ է, Բարսելոնան առաջին խաղում հաղթանակ է տոնել Մանչեսթեր Սիթիի նկատմամբ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով այդ հաղթանակի մասին արժե մոռանալ, քանզի Բարսայի նպատակն այս խաղում ևս լինելու է հաղթանակ տոնելը:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի` Մանչեսթեր Սիթիի հետ խաղին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Բարսելոնան միայն կիսով չափ է լուծել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը, ինչը նշանակում է, որ Բարսելոնայի ֆուտբոլիստները հանգիստ լինելու իրավունք չունեն:
"Շատ վտանգավոր կլինի, եթե մտածենք 2-1 հաշվով տոնած հաղթանակի մասին: Մանչեսթեր Սիթիի պես թիմերի հետ խաղից առաջ մենք չենք կարող ոչինչ երաշխավորել", - ասել է Էնրիկեն:
Հաղթանակի հասնելու մասին
"Ինչպես մեր բոլոր հանդիպումներում, Մանչեսթեր Սիթիի հետ խաղում ևս մենք պետք է վերահսկենք գնդակը: Դա այն ճանապարհն է, որով մենք կարողանում ենք հաղթանակի հասնել":
"Կարծում եմ, որ այս խաղը շատ նման կլինի առաջին խաղին: Նախորդ տարի ևս Սիթին պարտվելով եկավ Կամպ Նոու և կարողացավ լուրջ խնդիրներ ստեղծել Բարսայի համար":
Հզոր մրցակցի մասին
"Մենք խաղում ենք այս մրցաշարի ֆավորիտներից մեկի հետ: Եթե նայենք Սիթիի ֆուտբոլիստներին, ապա կզգանք, թե ինչ պոտենցիալ ունի այդ ակումբը: Մենք միայն 50 տոկոսով ենք լուծել մեր` հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը":
"Չեմ կարծում, որ Սիթին հոգնած տեսք ունի: Կարծում եմ նրանք կարող են շրջել իրավիճակը և հենց այդ նպատակով էլ ժամանելու են Կամպ Նոու":
"Գայել Կլիշիի բացակայությունը լուրջ կորուստ է Սիթիի համար, սակայն այս խաղում նրանց օգնության կգա Յայա Տուրեն: Կարծում եմ, որ Սիթին խաղադաշտ դուրս կբերի 2 հարձակվող":
Ոչ մի խոսք Էլ Կլասիկոյի մասին
"Այս պահին ոչ մի Էլ Կլասիկոյի մասին չի կարող խոսք գնալ: Մենք մտածում ենք միայն Մանչեսթեր Սիթիի հետ հանդիպման մասին":
Ֆանտաստիկ երեկոյի սպասելիքների մասին
"Մենք խաղալու ենք տանը` սեփական երկրպագուների առջև: Բարսան գտնվում է լավ մարզավիճակում և կարող է փայլուն երեկո մատուցել իր երկրպագուներին":
|